Անհայտ անձինք կրակել են «Ռուսթավի 2»-ի լրագրողի բնակարանի պատուհանների ուղղությամբ
Անհայտ անձինք կրակել են «Ռուսթավի -2» ՀԸ-ի լրագրող Դավիթ Էրաձեի տան պատուհանների ուղղությամբ: Ենթադրվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր ցերեկը: Էրաձեի ընտանիքի անդամները կրակոցի ձայներ չեն լսել, սակայն նրա կինը պատշգամբի դռան վրափանփուշտի անցք է նկատել:
«Կինս, երբ պատշգամբ է դուրս եկել նախ պատշգամբի դռան վրա նկատել է հրազենի անցք, որի հետո նկատել է պարկուճը: Այդ ժամանակ մենք համոզվեցինք, որ դա Ամանորի զվարճանք չէր և ոստիկանություն կանչեցինք»,- ասել է Էրաձեն:
Լրագրողները չեն շտապում գնահատական տալ միջադեպին:«Ռուսթավի 2» ՀԸ-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան միջադեպը որակել է «զինված հարձակում»` կապված Էրաձեի մասնագիտական գործունեության հետ: Նա հիշեցրել է, որ հենց Էրաձեն է կարողացել հայթայթել Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Թամազի (Գեգի) Գեգեշիձեի հարձակման կադրերը Եվրոպայի կրկնակի չեմպիոն Զուրաբ Դաթունաշվիլիի վրա:
Սկանդալային այդ սյուժեի ցուցադրումից հետո ՆԳՆ-ն քրեական գործ էր հարուցել Գեգեշիձեի նկատմամբ: Ձերբակալությունից բացի՝ դրվել էր նրա պաշտոնանկության հարցը: Նախօրեին Թբիլիսիի քաղաքային դատարանը Գեգեշիձեի դեմ խափանման միջոց էր ընտրել 5 000 լարիի գրավը:
«Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրենը պնդում է, որ Էրաձեի սյուժեի հեռարձակումից հետո նրա հասցեին սպառնալիքներ են հնչել:
Վրաստանի ՆԳՆ-ն լրագրողի բնակարանի պատուհանների ուղղությամբ կրակոցների գործով հետաքննություն է սկսել՝ «ապօրինի զենք կրելու, ձեռք բերելու, պահելու, պատրաստելու, փոխադրելու կամ վաճառքի» հոդվածով: Ոստիկանությունն արդեն զրուցել է լրագրողի և նրա ընտանիքի անդամների հետ: