Հայաստանն ու Սինգապուրը կհամագործակցեն տարբեր ոլորտներում. Փաշինյանը Սինգապուր այցելելու հրավեր է ստացել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամի հետ:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Սինգապուրի հետ տարբեր ոլորտներում համագործակցության շարունակական ընդլայնմամբ եւ նշել, որ վերջինիս զարգացման փորձն օրինակելի է մեր երկրի համար: Վարչապետը կարեւորել է տնտեսական կապերի խորացումը, առեւտրատնտեսական հարաբերությունների հետեւողական զարգացումը, գործարարների միջեւ փոխգործակցությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին եւ անհրաժեշտ համարել Սինգապուրի բիզնեսին Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունների մասին ազդակներ հաղորդելը:
Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են Հայաստանից տարբեր ապրանքների` կոնյակի, գինու, գարեջրի, հյութերի եւ վերամշակված այլ մթերքների` Սինգապուր արտահանելու հնարավորությունները:
Թարման Շանմուգարատնամը նշել է, որ իր երկրի կառավարությունը եւս կարեւորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը` հաշվի առնելով նաեւ մեր երկրում տեղի ունեցած վերջին դրական փոփոխությունները: Նա Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իր երկրի վարչապետի` Սինգապուր այցելելու հրավերը եւ նշել, որ այն կարող է նոր թափ հաղորդել երկկողմ փոխգործակցությանը տարբեր ուղղություններով: Փոխվարչապետը հավելել է, որ հայերը Սինգապուրում հայտնի են որպես օրինակելի քաղաքացիներ եւ ունեն բարձր հեղինակություն սինգապուրցիների շրջանում:
Թարման Շանմուգարատնամը նշել է, որ իր երկրի գործարար շրջանակներին կփոխանցի Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Միաժամանակ, նա հավակնոտ է համարել ՀՀ կառավարության` կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնես միջավայրի բարելավման, կառավարման համակարգի արդիականացմանը միտված ծրագրերը:
Այս համատեքստում, կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները նշված ոլորտներում համագործակցության ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու ՏՏ ոլորտի համաշխարհային կոնգրես եւ կարեւորել սինգապուրյան ընկերությունների մասնակցությունն այդ խոշոր միջոցառմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ զբոսաշրջության, բնապահպանության եւ ավիացիոն ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: