2015թ. վերջից Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթաց գոյություն չունի. Ստեփան Սաֆարյան
2015 թվականի վերջից Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթաց գոյություն չունի: Այդ մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է Միջազգային անվտանգության հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը` նշելով, որ 2016, 2017, 2018 թվականներին տեղի ունեցած նախագահների հանդիպումներն ընդամենը հետէսկալացիոն ստաբիլացման քայլեր են եղել:
Բանախոսի կարծիքով՝ նախորդ տարի ՀՀ իշխանափոխությունից հետո միջազգային հանրությունը սպասում էր Հայաստանի իշխանության վերջնական ձևավորմանը, որպեսզի վերսկսի բանակցությունը:
Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ այս անգամ բանակցային օրակարգի երկրորդ պլան են մղվել Սանկտ-Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները, նաև Հայաստանն ու Ադրբեջանն են հետ կանգնել իրենց նախնական կոշտ դիրքորոշումներից:
«Այժմ տեղի է ունենում կոնտակտների վերականգնում և հաստատում, կարևոր է, որ բանակցային ու հաղորդակցական օրակարգ հաստատվի: Շատերն են քննադատում Նիկոլ Փաշինյանին` Իլհամ Ալիևի հասցեին դրական խոսքեր ասելու համար, սակայն դա էլ բանակցության մաս է»,-ասել է բանախոսը: