Գյումրիի հիվանդանոցներում կարանտին չկա. համաճարակաբան
Գյումրիի հիվանդանոցներում դիմելիության բարձր ցուցանիշ կա, բայց ոչ մի բուժհաստատությունում կարանտին հայտարարված չէ: Այս մասին նշել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի համաճարակաբան Արմինե Անդրյանը: Նա նշել է, որ սուր շնչառական հիվանդների թիվն այս տարի, նախորդների համեմատ, Շիրակի մարզում նվազել է: Վիճակն այնպիսին չէ, որ կարանտին հայտարարվի:
«Չկա հայտարարված կարանտին: Կարանտին հայտարարվում է այն դեպքում, երբ համաճարակային վիճակ է: Համաճարակ չունենք: Համաճարակ հայտարարվում է այն դեպքում, երբ նորմալ հիվանդացության համաճարակաբանական շեմը հիվանդացությունը հաղթահարում է 3-5 անգամ: Իսկ հիմա վիճակն այնպիսին է, որ համաճարակաբանական շեմը 1․5-1․8 անգամ ցածր ընթացակարգով է հիվանդացությունն ընթանում: Չկա կարանտին, բայց հիվանդանոցներում պետք է
տեսակցությունները սահմանափակվեն»,- ասել է համաճարակաբան Արմինե Անդրյանը:
Ըստ համաճարակաբանի՝ Շիրակի մարզում սուր շնչառական վիրուսներով հիվանդներին ընդունում է հիմնականում Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցը, իսկ մանկահասակ երեխաներին՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ը: Մյուս բուժհաստատություններում անձնակազմի զգուշության միջոցառումները, որոնք
արտահայհտվում են դիմակ կրելով, համաճարակաբանն անիմաստ է համարում:
«Կրում են դիմակ, երբ չկա կարանտին, այն էլ հիվանդանոցում, որտեղ չկա վարակիչ հիվանդ կամ ունեն չեն ներկայացնում: Իմաստը որն է շնչադիմակ կրելու: Տպավորություն է ստեղծվում, որ կա վտանգ, ռիսկ: Հասկանալի է, երբ դիմակ են կրում ընդունարանում, որտեղ չգիտեն, թե իրենց դիմող հիվանդն ինչ ախտորոշում ունի, բայց բաժանմունքներում անվտանգության նման միջոց ձեռնարկելու անհրաժեշտություն չկա» ,- ասել է համաճարակաբանը: Արմինե Անդրյանը նշել է նաև, որ Գյումրիի հիվանդանոցների աշխատակիցների, մանկատների խոցելի համարվող երեխաների և ծերերի տուն-ինտերնատի, խրոնիկ հիվանդություններով տառապող բնակիչների մեծ մասը գրիպի դեմ պատվաստված է: