Սև ծովում փոթորիկ է․ Բաթումում ուժեղ քամուց մարդիկ են տուժել
Սև ծովի ափամերձ Բաթում քաղաքում ուժեղ քամու պատճառով տարբեր տեղերից
ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներից 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Բժիշկների խոսքերով՝ նրանցից մեկը հոսպիտալացվել է մեջքի հատվածում մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով: Իսկ մյուսն առաջին օգնություն ստանալուց հետո վերադարձել է տուն:
Քամու հետևանքով Բաթումի 5 հարկանի շենքերի վրայից շինարարական նյութեր են ընկել փողոց, պոկվել են տանիքներ, որի հետևանքով փողոցում մարդկանց ու մեքենաների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է:
Քամին վնասել է նաև հասարակական տրանսպորտի կանգառները, ճանապարհային նշանները:
Ընդհանուր առմամբ, ծովում փոթորիկը հասել է հինգ բալի: Բաթումի քաղաքապետը բնակչությանը հորդորում է հատկապես զգույշ լինել շինհրապարակների տարածքում: