Քաղաքական զարգացումների պատճառով գուցե որոշ բաներ դանդաղել են, բայց որոշ բաներ էլ արագացել են․ Եղոյան
Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացումը դանդաղել է․ Հայաստանի գործող իշխանություններին ուղղված այս մեղադրանքն Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրեց ընդդիմադիր ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքով՝ եվրոպացիները փող են նախատեսել Հայաստանի բարեփոխումների համար, բայց հայկական կողմը ծրագրեր չի ներկայացնում, որ այդ փողերը տրվեն։
Քանի որ քննարկումը վերաբերում էր ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի ղեկավարի ընտրությանը, Մարուքյանի խոսքերին իր ելույթի ընթացքում անդրադարձավ հանձնաժողովի նախագահի միակ թեկնածու Արման Եղոյանը։
Նա ասաց, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումները գուցե որոշակիորեն դանդաղեցրել են որոշ պրոցեսներ, օրինակ՝ գուցե 1-2 ամսով դանդաղեցրել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը եվրոպական պետությունների կողմից, բայց այդ զարգացումների շնորհիվ այլ պրոցեսներ արագացել են, խորհրդարանն ընտրվել է ժողովրդավարության սկզբունքների համաձայն և այլն։
Նա ասաց, որ վերջին 8 ամիսներին մշտապես ուղեկցել է վարչապետին օտարերկրյա ուղևորությունների ժամանակ (Եղոյանը Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն էր), և վստահեցում է, որ Հայաստանը մշտապես առաջ է քաշել ծրագրեր, որոնց հիման վրա էլ եվրոպական կողմը պետք է իրականացներ ֆինանսավորում։
Եղոյանը նշեց, որ նաև անձամբ ինքն է խոսնակ եղած ժամանակ Հայաստանում ԵՄ դեսպանին ներկայացրել, օրինակ՝ ենթակառուցվածքների ստեղծման համար անհրաժեշտ ֆինանսավորման ծրագրեր և այլն։