Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ. հակաբիոտիկը կարող է բերել վիճակի վատացման. Լիանա Թորոսյան
Գրիպի կամ սուր շնչառական այլ վարակների կասկածներ ունենալու դեպքում ոչ թե պետք է շտապել լաբորատորիա՝ հետազոտության, այլ դիմել բժշկի: Հենց նա էլ կորոշի՝ ինչ անել և ինչպես կազմակերպել բուժումը: Այս մասին ասել է ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
«Լաբորատորիաներ գնալու անհրաժեշտությունը չկա: Բազմիցս զանգեր են լինում՝ որտեղ կարող ենք ստուգվել և այլն, որովհետև մարդիկ խուճապի մեջ են, հասկանալի է: Հասկանալի է,որովհետև հարևան երկրում էլ է լարված վիճակ, բացի այդ, լուրը տարբեր ինտերպրետացիաներով մարդկանց է հասնում: Կարիք չկա լաբորատոր հետազոտություն անցնելու:
Հետևողակա՛ն եղեք ձեր առողջությանը՝ դիմելով բժշկի: Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, ինքներդ ձեզ մի՛ նշանակեք լաբորատոր հետազոտություն կամ հակաբիոտիկներ: Վերջիններս անզոր են վիրուսների նկատմամբ: Հակաբիոտիկը ոչ թե կարող է բերել վիճակի լավացման, այլ, ընդհակառակը, կարող ենք ունենալ վիճակի վատացում»,-ասաց Թորոսյանը:
Թորոսյանի վստահեցմամբ՝ անհրաժեշտության դեպքում անվճար լաբորատոր հետազոտություն անցկացվում է հայաստանյան մի շարք բուժհաստատություններում:
«Հիվանդն իր միջոցներով չի գնում լաբորատոր հետազոտության: Հիվանդը դիմում է բժշկական օգնության, բժշկական որոշակի կազմակերպություններ, եթե ունի դեպքի ստանդարտ բնորոշման ախտանշաններ, նրան տեղեկացնում են, որ պետք է հետազոտեն, նրանից վերցվում է նմուշը և ուղարկվում լաբորատորիա, ինչն արվում է պետական պատվերի շրջանակում»,-ասաց Թորոսյանը: