Հայտնի են ԱԺ բոլոր 11 հանձնաժողովների նախագահների թեկնածուները
ԱԺ 11 մշտական հանձնաժողովներից 8-ի նախագահին կառաջադրի «Իմ քայլը» խմբակցությունը, երկուսին կառաջադրի ԲՀԿ-ն և մեկը՝ «Լուսավոր Հայաստանը»: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա նշեց, որ մինչ այս խորհրդարանական ուժերի միջև տեղի են ունեցել քաղաքական կոնսուլտացիաներ և եկել են համաձայնության, թե որ հանձնաժողովի նախագահի թեկնածության իրավունքը որ խմբակցությանն է պատկանում:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը թվարկեց այն հանձնաժողովները, որոնց նախագահին կառաջադրի իրենց խմբակցությունը և նշեց իրենց թեկնածուի անունը:
Ըստ այդմ, առաջարկվում են հետևյալ թեկնածությունները.
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով - Նարեկ Զեյնալյան
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով – Ռուբեն Ռուբինյան
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով – Մխիթար Հայրապետյան
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – Արման Եղոյան
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով – Անդրանիկ Քոչարյան
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով – Վլադիմիր Վարդանյան
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով – Վարազդատ Կարապետյան
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով – Բաբկեն Թունյան:
ԲՀԿ-ին բաժին է հասել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը (նախագահի թեկնածու է առաջադրվել Նաիրա Զոհրաբյանը) և Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը (Միքայել Մելքումյան):
«Լուսավոր Հայաստանից» Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համար առաջադրվեց Մանե Թանդիլյանի թեկնածությունը: