Բողոքի ակցիա Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց (լուսանկարներ)
Այսօր Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության չորրորդ տարելիցին նվիրված բողոքի ակցիա են իրականացրել նաև Հայաստանի Եվրոպական կուսակցության անդամները՝ կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի գլխավորությամբ։
Ակցիայի մասնակիցները հավաքվել են «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ, ապա միացել Շիրակացի փողոցում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց հավաքված քաղաքացիներին։
Այստեղ բողոքի ցույց իրականացնողները նախ՝ մեկ րոպե լռությամբ հարգել են Ավետիսյանների ընտանիքի սպանված 7 անդամների հիշատակը և տեղեցկացրել, որ հենց այսօր հետաքրքիր զուգադիպությամբ լրանում է նաև վերջերս ռուս զինծառայողի կողմից սպանված գյումրեցի Ջուլիետա Ղազարյանի մահվան 40 օրը։
«Զավթիչները, օկուպանտները չեն կարող լինել ազգի, երկրի պաշտպան: Հայոց անվտանգությունը կարող է երաշխավորել միայն Հայոց բանակը, միայն հայ զինվորն է երաշխիքը մեր անկախության, մեր ազատության։ Մենք կանգնած ենք այդ գաղութային ուժի՝ ֆորպոստի կողքը։ Նրանք այստեղ մեզ պաշտպանելու համար չեն, նրանք այստեղ են իրենց շահերը, գաղութատիրությունը, իրենց զավթումը պաշտպանելու համար, և որքան շուտ հասկանա դա մեր ժողովուրդը, այնքան լավ»,- իր ելույթում ասել է Տիգրան Խզմալյանը։
«1999 թվականից ի վեր 12 զոհ ունենք Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմահենակետի ռուս զինծառայողների ձեռքով: Սա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, ՀՀ-ում քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը կարող է նաև վտանգված լինել: Սա մարտահրավեր է նաև Հայաստանի ինքնիշխանությանը»,- նշել է Հայաստանի մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը
Բողոքի ակցիայի մասնակիցների ձեռքերին սպանվածների լուսանկարներն ու թռուցիկներն են, նաև վառված մոմեր։ Ակցիան շարունակվել է նաև Սևերսկի թաղամասում տեղակայված ռուսական զորամասի դիմաց, որտեղ ելույթներ չեն հնչել, միայն ակցիայի մասնակիցները պարզել են «ռուսական բանակ, դո՛ւրս ՀՀ-ից» երկլեզու գրությամբ պաստառ։
Ակցիայի մասնակիցները զորամասի հարակից ծառերին ու տարածքներում թռուցիկներ փակցնելուց հետո հեռացել են։