Արամի 23-ի հուշարձանի փլուզումն անտարբերության հետևանք է. Տիգրան Հեքեքյան
«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի` Արամի 23 հասցեում գտնվող հուշարձանի պատի փլուզումը, ըստ երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանի, անտարբերության հետևանք է: Արամի 23-ի առջև այսօր բողոքի ակցիա էր, որին մասնակցում էին երգչախմբի սաները, նրանց ծնողներն ու քաղաքացիներ, որոնց մտահոգում է շենքի ճակատագիրը:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ մտադիր են շարունակել իրենց պայքարը, մինչև ինչ-որ արդյունքի կհասնեն: Նրանք ընդգծում են` այս շենքը մայրաքաղաքում դեռևս պահպանվող հնագույն շենքերից է:
Տիգրան Հեքեքյանի խոսքով՝ ինքը հարցը դատական կարգով է փորձելու լուծել, քանի որ արդեն խոսքերին ու խոստումներին չի հավատում:
«Եթե մարդիկ խոսք են տալիս հրապարակավ, ու որևէ հարց չի լուծվում, միլիմետր անգամ… Ինձ հարցրին` արդյոք գործը գնո՞ւմ է առաջ, ասացի` միակ բանը, որ գնում է առաջ, փլուզվող պատն է»,- ասում է Հեքեքյանը: