Դաջվածքի մասնագետները, մատնահարդարներն ու դիմահարդարները պետական ֆինանսավորմամբ տարեկան բուժզննում կանցնեն
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում Գործադիրը հաստատել է պետական ֆինանսավորմամբ տարբեր հաստատությունների աշխատակիցների տարեկան բուժզննմանն առնչվող որոշումը, որով նախատեսվում է նվազեցնել գործատուների ֆինանսական բեռն ու կանխարգելել հիվանդությունների տարածումը:
«Այն նպատակ է հետապնդում ապահովել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների, ներհիվանդանոցային վարակների կանխարգելումը՝ նախնական և պարբերական բժշկական զննությունների միջոցով», – նշել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:
Առողջապահության նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ իրենց ներկայացրած նախագծում ավելացվել են որոշ մասնագիտություններ, որոնց գործունեության հետևանքով որոշ հիվանդություններ տարածվածություն են գտնում, մասնավորապես, հեպատիտ Բ-ն և Ց-ն:
«Խոսքը մատնահարդարների, ոտնահարդարների, դիմահարդարների և դաջվածքների մասնագետների մասին է, որովհետև հենց այդ պրոցեդուրաներում ունենում ենք օրինակ հիմա, մոտ 2-4 տոկոսով հեպատիտ Ց-ի տարածվածություն»:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արսեն Թորոսյանից հետաքրքրվել է, թե նախագծի ընդունմամբ կառավարությունն ի՞նչ հարց է լուծելու:
«Մենք ապահովում ենք, որպեսզի տարբեր ոլորտի աշխատողների, բուժաշխատողների, սննդի ոլորտի աշխատողների, արդեն ասացի՝ տարբեր գործունեություն իրականացնող անձանց մոտ պարբերական բուժզննությունների միջոցով հայտնաբերենք հիվանդությունները, և եթե այդպիսի հիվանդություններ կան, նրանց գործունեությունը ժամանակավոր դադարեցնենք մինչ հիվանդությունների բուժումը, որպեսզի այդ հիվանդությունները չտարածվեն»,- ասել է Թորոսյանը: