Նախատեսվում է շուրջ 150-160 աշխատակցի կրճատում «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում. էներգետիկայի նախարարի պաշտոնակատար
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ակտիվ աշխատանքներ են իրականացվում, նախատեսվում է շուրջ 150-160 աշխատակցի կրճատում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
«Այս պահին ամենաակտիվ աշխատանքները «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում» են տեղի ունենում: Երկու օր է արդեն՝ նոր տնօրեն է ընտրվել, շուտով նաև կհաստատենք հաստիքացուցակը, որտեղ նախատեսվում է շուրջ 150-160 աշխատակցի կրճատում, որոնք, կարելի է ասել, այդքան էլ զբաղված չէին ԲԷՑ–ի հիմնական գործունեությամբ»,- ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարը նաև ընդգծեց, որ ազատ հաստիքացուցակով 163 ազատ հաստիքների պարագայում զուգահեռ կա նաև արտահաստիքային 90 պայմանագրային աշխատող. «Ուղղակի անհասկանալի է, եթե կան հաստիքային աշխատակիցներ, ինչո՞ւ ենք արտահաստիքային 90 աշխատող պահում»,- ասաց նա:
Բաղրամյանը նաև հավելեց, որ հաստիքի օպտիմալացման արդյունքում այն աշխատակիցները, որոնք չեն զբաղվում ԲԷՑ հիմնական գործունեությամբ, այնտեղ այլևս չեն աշխատելու:
Խոսելով գազի գնի իջեցման հարցով բանակցություններից՝ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ դրանք դեռևս շարունակվում են, տեղեկանքը հիմնավորումներով ներկայացված է ռուսական կողմին: Իսկ թե առավելագույնն ինչքան կարող են իջեցնել, Բաղրամյանն ասաց՝ կախված է նրանից, թե ներմուծման ինչ գին կունենա: