Մեզ ընտրելու են ՀՀ այն քաղաքացիները, որոնց համար հանրային համերաշխության և սոցիալական արդարության հարցերը կարևոր են․ «Քաղաքացու որոշում» կուսակցություն
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավը մեկնարկեց Երևանի Մաշտոցի պուրակից, իսկ կուսակցականները մանդարին էին բերել, որը, ըստ նրանց, թարմություն էր խորհրդանշում: «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամների խոսքով՝ քարոզարշավին իրենք մարտական են տրամադրված:
«Քաղաքական դաշտում թարմություն է պետք, ես մեծ հույս ունեմ, ավելին՝ համոզված եմ, որ այդ թարմությունը մենք բերելու ենք։ Որպես միասնականության խորհրդանիշ՝ ՀՀ-ում օգտագործվում էր նուռը, բայց մենք համոզված ենք, որ մանդարինը շատ ավելի լավ է բնութագրում, քանի որ հավասար բաժանելու, միասնական լինելու խորհրդանիշ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արեգ Թադևոսյանը։
Վերջինս հայտարարեց, որ իրնեք կհայտնվեն խորհրդարանում, սակայն չհայտնվելու պարագայում էլ իրենց քաղաքական գործունեությունը չի դադարի, քանի որ այն կուսակցությունը չէ, որ ստեղծվում է ընտրություններից առաջ ու հետո վերանում։ «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանն էլ տեղեկացրեց, որ յուրաքանչյուր օր իրենք Երևանի ընտրատարածքներից մեկում քարոզարշավ կիրականացնեն։
«Սոցիալական արդարությունն առաջնային է, քանի որ մեր քաղաքացիական գործունեություն էլ եղել է այս ամենին միտված։ Քարոզարշավն էլ սկսել ենք Մաշտոցի պուրակից, Մաշտոցի պուրակը մի վայր է, որտեղ ձևավորվել են այսօր արդեն ֆորմալ քաղաքական գործընթացներում մասնակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Այստեղից է մեկնարկել 2012 թվականին հանրային տարածքի համար պայքարը»,- ընդգծեց Միքայել Նահապետյանը։
ՔՈ կուսակցության անդամները համոզված են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց ընտրելու են ՀՀ քաղաքացիներ, ում համար հանրային համերաշխության և սոցիալական արդարության հարցերը կարևոր են: