ԱԽ քարտուղարը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների ամենամյա 6-րդ հանդիպմանը
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների ամենամյա 6-րդ հանդիպմանը:
Հանդիպման օրակարգում էին ահաբեկչության դեմ պայքարի, դրա ֆինանսավորման և կենսաբանական անվտանգությանը վերաբերող հարցեր։
Օրակարգի համաձայն՝ ՀՀ ԱԽ քարտուղարը հանդես է եկել ելույթով՝ ներկաներին ներկայացնելով ՀՀ ներքաղաքական իրավիճակը։ Այնուհետ, քարտուղարը կարևորել է գոյություն ունեցող, ինչպես նաև նոր ձևավորվող ձևաչափերի և նախաձեռնությունների շրջանակներում միջազգային ահաբեկչության, դրա ֆինանսավորման, ծայրահեղականության, փողերի լվացման և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համատեղ ջանքերի իրականացումը ու ներկայացրեց դրանց ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքները։
Իր ելույթում Ա․ Գրիգորյանը մատնանշել է Հայաստանում գործող ռեֆերենս լաբորատորիաների կարևորությունը՝ ինչպես երկրի ներսում այնպես էլ դրանից դուրս հատուկ վտանգավոր համաճարակների վաղաժամ կանխարգելման ու դրանց հաղթահարման հետ կապված միջոցառումների կազմակերպման համատեքստում։
Միաժամանակ, Քարտուղարը տեղեկացրել է, որ վերոնշյալ լաբորատորիաներն, ունենալով երկրորդ կարգի անվտանգության մակարդակ, ամբողջովին գտնվում են ՀՀ համապատասխան պետական մարմինների վերահսկողության ներքո։
Ելույթի ավարտին Ա․ Գրիգորյանը մատնանշել է, որ Հայաստանը մշտապես ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել պատրաստակամություն՝ համագործակցելու շահագրգիռ կողմերի հետ կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում և գործում է միջազգային իրավունքի շրջանակներում, առավելապես թափանցիկ և կանխատեսելի։