ԱԳ նախարարը հանդիպել է ՄԻԵԴ-ի նախագահի հետ
Նոյեմբերի 20-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում հանդիպեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիին:
Արժևորելով ՄԻԵԴ հետ համագործակցությունը՝ Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ բազմակողմ հարթակներն առավել մեծ կարևորություն ունեն փոքր պետությունների համար՝ արտահայտելու ինքնիշխան հավասարությունը, իսկ այսօր, երբ բազմակողմ այս հարթակն առերեսվում է նոր մարտահրավերների, առավել արդիական է դառնում համընդհանուր շահերի առաջմղման շուրջ համագործակցության կարևորությունը:
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ մարդու իրավունքների պաշտպանության այս համակարգը բացառիկ է և կարող է իրապես արդյունավետ լինել միայն գործուն ժողովրդավարության պայմաններում:
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին ՄԻԵԴ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացման և արդյունավետության առավել բարձրացման վերաբերյալ:
ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումները: Նա նաև անդրադարձ կատարեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշմանը և մոտեցումներին։