Դրոններով հնարավոր է փոխպատվաստման համար դոնոր օրգաններ տեղափոխել
Բալթիմորի Մերիլենդի համալսարանի գիտնականները պնդում են, որ դրոններով հնարավոր է փոխպատվաստման համար դոնոր օրգաններ տեղափոխել, գրում է IEEE Spectrum-ը:
Որպես փորձարկում, հեղինակները հանձնարարել են DJI Matrice 600 Pro հեքսակոպտերին մահացած մարդու երիկամները տեղափոխել 4.8 կիլոմետր հեռավորության վրա:
Երիկամները տեղավորել են հատուկ մինի սառնարանում և դրան տվիչներ միացրել՝ ջերմաստիճանի և տատանումների փոփոխություններին հետևելու համար:
Կատարվել է ընդհանուր առմամբ 14 փորձարկում, որոնց ընթացքում դրոնը թռել է 67.6 կմ/ժ արագությամբ՝ 122 մետր բարձրության վրա: Երիկամների ջերմաստիճանը կայուն է եղել, ոչ մի վնասվածք չի հայտնաբերվել:
«Մենք առաջին քայլն ենք արել, որպեսզի հիվանդները կյանքի համար անհրաժեշտ օրգանները ստանան արագ և լավ վիճակում»,- ասել է հետազոտության ղեկավար Ջոզեֆ Սկալեան: