Կարեն Ղազարյանի վերադարձի հարցով մենք գործադրում ենք այնպիսի ջանքեր, որ երբևէ որևէ մեկի մտքով չի անցել. Արտակ Զեյնալյան (տեսանյութ)
Մենք հնարավոր բոլոր ջանքերը գործադրում ենք, նույնիսկ այնպիսի, որ երբևէ որևէ մեկի մտքով չի անցել, Ադրբեջանում ձերբակալված Կարեն Ղազարյանի վերադարձի հարցով:
Այս մասին «Մենք» դաշինքի դրամահավաք-երեկոյին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը`անդրադառնալով Tert.am-ի հարցին, թե ինչ մեխանիզմներ կան Կարեն Ղազարյանին վերադարձնելու համար:
«Այդ ունակություններն ու հմտությունները մենք ունենք, որպեսզի անենք այնպիսի քայլեր և մտածենք այնպիսի հնարքներ, որ որևէ մեկի մտքով չի անցել, ու մենք դա անելու ենք»,- նշեց նա:
Արտակ Զեյնալյանն անդրադարձավ նաև կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի՝ առողջական խնդիրներով պայմանավորված կալանքի հետ անհամատեղելիության հարցին՝ ասելով, որ այդ հարցն իրենց տիրույթում չէ։
«Գործը նախաքննության փուլում է, և դրա պատասխանատուն քրեակատարողական համակարգը չէ, որը գտնվում է արդարադատության նախարարության ենթակայության տակ, և արդարադատության նախարարը պետք է իր հայտարարություններով, իր տեսակետները հայտնելով որևէ ձևով չխախտի հավասարակշռությունը կողմերի միջև»,- նկատեց նա:
Անդրադառնալով Երևան-Սևան ավտոճանապարհին Գագարին ավանի վարչական տարածքում 2 կալանավորների հարազատների կողմից իրականցված ակցիային, ովքեր իր հետ հանդիպում էին պահանջում, Արտակ Զեյնալյանն ասաց, որ նրանց ընդունել են արդարադատության նախարարության ներկայացուցիչները, արդյունքների մասին կասեն ավելի ուշ:
«Չի կարելի արժեզրկել մայրուղիներ փակելու ինստիտուտը, ուղղակի դևալվացիայի է ենթարկվում դա, ամեն մանրուքի համար չի կարելի դիմել այդ միջոցին, եթե չես սպառել պաշտպանության այլ միջոցները:
Եթե կա պաշտպանության միջոց, և եթե դու դիմում ես առավելագույնին, դա չի կարող արդարացվել՝ անկախ նրանից, թե քո պահանջը որքան է հիմնավոր, որքան է արդարացի: Պաշտպանության միջոցը պիտի լինի համարժեք և համաչափ»,- շեշտեց նախարարի պաշտոնակատարը: