Վարչապետը այդ հարցերի պատասխանը կստանա. Ալեն Սիմոնյան
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը Facebook- ի իր էջում գրել է. «Ծանոթացա Բելառուսի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարությանը և կարող եմ ասել հետևյալը`
ՀՀ վարչապետը հստակ է արտահայտվել և նրա բարձրացրած հարցերը պետք է պարզաբանվեն անխուսափելիորեն:
Ինչ վերաբերում է էթիկային և կոռեկտությանը, մեր գործընկերները շարունակում են դրանց կոպիտ ոտնահարումը, առայժմ գլխի չընկնելով, որ դա կասկածի տակ է դնում կառույցում դաշնակցային վստահելիությունը:
Նաև մեծ քաղաքականության միջազգային նորմերի առումով ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ, գաղտնի նիստի բովանդակության մասին դաշնակից երկրի հակառակորդ երկրին պատմելը հարցեր է առաջացնում, և ՀՀ վարչապետին ճանաչելով, կարող եմ ասել, որ նա այդ հարցերի պատասխանը կստանա:
Սա փողոցայի՞ն, դատախազակա՞ն, թե՞ ժողովրդավարական մոտեցում կգնահատվի՝ արդեն սուբյեկտիվ ընկալման հարց է»: