ԿԸՀ-ն սահմանել է ընտրություններին մասնակցող ուժերին եթերաժամ տրամադրելու կարգը
Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը: Համաձայն ԿԸՀ սահմանած կարգի՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով:
Ըստ ԿԸՀ սահմանած կարգի` նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվում է ժամը 19:30-ից:
Հանրային ռադիոյով եթերաժամ կտրամադրվի ժամը 13:30-ից եւ ժամը 19:45-ից։
Տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով` նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե։
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությանը, դաշինքին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 30 րոպե անվճար եւ մինչեւ 60 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) նոյեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը ներառյալ (6 օր)՝ օրը 2 րոպե անվճար եւ մինչեւ 5 րոպե վճարովի հիմունքներով.
2) դեկտեմբերի 2-ից մինչեւ դեկտեմբերի 7-ը ներառյալ (6 օր)՝ օրը 3 րոպե անվճար եւ մինչեւ 5 րոպե վճարովի հիմունքներով։
Հանրային ռադիոն ընտրություններին մասնակցող կուսակցությանը, դաշինքին տրամադրում է 60 րոպե անվճար եւ մինչեւ 90 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) նոյեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը ներառյալ (6 oր)՝ օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար եւ մինչեւ 3-ական րոպե վճարովի հիմունքներով.
2) դեկտեմբերի 2-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը ներառյալ (3 օր)՝ օրական երկու անգամ` 3-ական րոպե անվճար եւ մինչեւ 4-ական րոպե վճարովի հիմունքներով.
3) դեկտեմբերի 5-ից մինչեւ դեկտեմբերի 7-ը ներառյալ (3 օր)՝ օրական երկու անգամ` 3-ական րոպե անվճար եւ մինչեւ 5-ական րոպե վճարովի հիմունքներով։
Նիստի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ սահմանել է նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հանրային ռադիոյից եւ հանրային հեռուստատեսությունից եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է նաեւ, որ ԿԸՀ համացանցային կայքում՝ «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժնում, որոնման հնարավորությամբ տեղադրված են ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակները: ԿԸՀ կայքում զետեղված ընտրողների ռեգիստրը հնարավություն է տալիս նաեւ ստանալու տեղեկատվություն` ընտրական տեղամասերի եւ միեւնույն հասցեում հաշվառված բոլոր ընտրողների վերաբերյալ: