ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների` Հայաստան այցի ընթացքում ի՞նչ արձանագրումներ արվեցին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին, թե ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների` Հայաստան այցի ընթացքում ի՞նչ արձանագրումներ արվեցին:
«Այդ այցերի արդյունքում արվեց արձանագրում, որ մինչ այդ չէր արվել, այն է` Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ԱՄՆ նախագահի վարչակազմը համարում է բարձր առաջնահերթություն: Սա շատ կարևոր ուղերձ էր, որ մինչ այդ չէր հնչել: Մենք դրանից առաջ ևս հայտարարել ենք, որ խնդիր ունենք շատ ակտիվ հարաբերություններ զարգացնել ԱՄՆ-ի հետ, մեր պատրաստակամության առումով բան չի փոխվել, նաև ասել ենք, որ արտաքին քաղաքականության ոլորտում ռևերսներ անելու մտադրություն չունենք, մտադիր ենք բոլոր ուղղություններով զարգացնել հարաբերությունները մեր միջազգային գործընկերների հետ»,- ասաց նա:
Փաշինյանը հույս հայտնեց, որ այն խոսակցությունը, որն ունեցել են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, առաջիկայում կունենա կոնկրետ տրամաբանական զարգացում, կանեն այն, ինչի մասին մինչ այժմ պատրաստակամություն են հայտնել: