Փաշինյանը գո՞հ է արդյոք իր ղեկավարած ուժի ընտրական ցուցակից, որտեղ ոլորտների լավագույն մասնագետները ներկայացված չեն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին լրագրողները հարց ուղղեցին` գո՞հ է արդյոք իր ղեկավարած ուժի ընտրական ցուցակից, որտեղ ոլորտների լավագույն մասնագետները ներկայացված չեն:
Փաշինյանն արձագանքեց, որ իրենց ցուցակում կան և՛ տնտեսագետներ, և՛ իրավաբաններ, մի մասն իրենց ուժի հետ քաղաքական առնչություններ չի ունեցել:
«Մենք ակնկալում ենք, որ կստանանք ժողովրդի վստահության քվեն, խորհրդարանում կունենանք մեծամասնություն, և այդ մեծամասնությունը սահմանափակ թիվ է, լավագույն իրավաբաններին, տնտեսագետներին, բոլոր լավագույններին ներգրավենք, հետո պարզվի` նրանցից յուրաքանչյուրը, ինչպես հարիր է ցանկացած լավագույնի, ունի սեփական տեսլականը, և այն չի համընկնում մնացածի ոչ մեկի տեսլականի հետ: Կստացվի, որ վեց ամիս հետո նորից արտահերթ ընտրություններ պիտի անենք, որովհետև այն խորհրդարանական մեծամասնության մեջ, որ ձևավորել ենք, կա 60 ֆրակցիա»,- ասաց նա`հավելելով, որ լավագույններն էլ իրենց լավագույն պահանջներն ունեն:
Փաշինյանը վստահեցրեց`լավագույնները շանս կունենան պետական կառավարմանը մասնակցելու, Ազգային ժողովով ո՛չ սկսվում է ամեն ինչ, ո՛չ ավարտվում, բազմաթիվ այլ կառույցներ կան, և այդտեղ իրենք լավագույն ներուժն աշխատելու են օգտագործել: Կառավարության ղեկավարը հիշեցրեց` վերջերս հանդես է եկել նախաձեռնությամբ, որին արձագանքածների դեպքում արտառոց չի համարի, եթե մարդիկ իրենց ծրագրերով հայտ ներկայացնեն նախարար, մարզպետ, բարձրաստիճան պաշտոնյա լինելու:
«Այն մարդիկ, ովքեր այդ օղակով չեն կարողանա իրենց նպաստը բերել մեր երկրի զարգացմանը, այլ խողովակ էլ կունենան հասնել կառավարություն, վարչապետին: Մենք ամենաշատն ենք շահագրգռված, որ լավագույն մասնագետներն իրենց գաղափարներով գան, այս պրոցեսին աջակցեն»,- նշեց Փաշինյանը: