Մարդիկ մտածում են, թե եկեղեցու հեղինակությա՞նն են ծառայում․ Փաշինյանը՝ կաթողիկոսին թիկնազոր տալու նախագծի հեղինակների մասին
Երբ մարդիկ մտել էին վեհարան, դրանից հետո ինչո՞ւ այդ մարդիկ մինչև հիմա այնտեղ չեն։ Որովհետև ոստիկանությունը հատուկ գործողությամբ նրանց դուրս է հրավիրել այնտեղից։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապեի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ամռանը Մայր աթոռում տեղի ունեցած միջադեպը, երբ ցուցարարները ներխուժել էին վեհարան։
Նախկին փորձն էլ հաշվի առնելով՝ ոստիկանությունը, ըստ Փաշինյանի, հիմա ապահովում է, որ այդպիսի ներխուժում չլինի, նույնը վերաբերում է կաթողիկոսի մեքենայի ճանապարհը փակելուն։
Փաշինյանը նշեց, որ այն օրենքը, որ բերվել էր Ազգային ժողով, վերաբերում էր պետական բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանությանը, իսկ արդյո՞ք այդպիսի պաշտոնյա է կաթողիկոսը։
«Մենք համարում ենք, որ Հայ առաքելական եկեղուցու համար լա՞վ է, որ մենք ասենք մի երկրում, որտեղ բնակչության 90 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, հիմա անհրաժեշտություն է առաջացել հատուկ օրենսդրական փոփոխություն անել, որ նա թիկնազորով շրջի՞։ Այդ մարդիկ մտածում են, թե եկեղեցու հեղինակությա՞նն են ծառայում», – ասաց Փաշինյանը։