ԵԱՏՄ-ում կան մեծ հնարավորություններ, և ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունները լավագույնս օգտագործվեն. Նիկոլ Փաշինյան
ԵԱՏՄ-ում կան մեծ հնարավորություններ: Այս մասին այսօր hրավիրված ասուլիսին ասաց վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե իր վարչապետության 7 ամիսների ընթացքում ի՞նչ եզրահանգման է եկել Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ի վերաբերյալ, արդյոք այս միությունը արդյունավե՞տ է ՀՀ-ի համար, թե շարունակում է մնալ այն կարծիքին, որ ԵԱՏՄ-ից դուրս գալ է պետք:
«Ես կարծում եմ, որ ԵԱՏՄ-ում կան մեծ հնարավորություններ, և ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունները լավագույնս օգտագործվեն, ինչպես պարտավորվել ենք մեր ժողովրդի առաջ,»,-ասաց Փաշինյանը:
Լրագրողի հարցին, թե ի՞նչ ընթացքում է գտնվում 2018-ին տասը դիվանագետների դիվանագիտական աստիճանները վերականգնելու գործընթացը, որովհետև վարչապետի պաշտոնակատարը դեռևս հունիսին էր ԱԳՆ-ին հանձնարարել զբաղվելու այդ հարցով, բայց մինչև հիմա միայն մեկ դիվանագետ է վերականգնել իր աշխատանքը, սա ԱԳՆ-ի թերացու՞մն է, թե երկարատև գործընթաց, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Թերացման հարց չկա, դա նրբություններ ունեցող գործընթաց է, և այստեղ էլի նույն ճոճանակի տրամաբանությունն է գործում, պետք է բալանսավորված մոտեցում ցուցաբերել»: