Ավտովթարից հետո Վրաստանի մշակույթի փոխնախարարը 3-րդ օրն է՝ կոմայի մեջ է
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միխայիլ Գիորգաձեն Նապարեուլի գյուղի մոտ (Կախեթի մարզ) տեղի ունեցած ավտովթարից հետո արդեն երրորդ օրն է՝ ուշքի չի գալիս: Այդ մասին հաղորդում է Sputnik-ի վրացական մասնաճյուղը՝ հղում կատարելով Թբիլիսիի Բարձր բժշկական տեխնոլոգիաների կենտրոնի մամուլի ծառայությանը:
Ավտովթարը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին: Գիորգաձեն բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է Թելավիի կլինիկա, այնուհետև՝ Թբիլիսի:
«Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն ծանր է, հիվանդի մոտ առկա են կողոսկրերի, թոքերի և գլխուղեղի բազմաթիվ խնդիրներ: Կանխատեսումները դրական են, սակայն վիճակը դեռ ծանր է»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Գիորգաձեն, ըստ նախնական տվյալների, մեքենայում միայնակ է եղել: Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու բախվել ծառին:
Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտման հոդվածով հարուցվել է քրեական գործ:
Գիորգաձեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար է դարձել այս ամռանը: