Փաշինյանին բարկացրեց «խոպանչի» բառ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 20–ին, հրավիրված ասուլիսի ժամանակ բարկացավ, երբ լրագրողն օգտագործեց «խոպանչի» բառը։
Լրագրողը մասնավորապես իր հարցում նշեց. «Աղմուկ է բարձրացրել ՊԵԿ–ի հայեցակարգը, որ քննարկվում է «խոպանչիներին» հարկելու խնդիրը, ՊԵԿ–ը հերքեց, բայց Կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահն ասաց, որ գալու է մի օր, այդպես է լինելու, ստացվում է, որ մարդը դրսում հարկ է տալիս, հետո էլ կինը պետք է այստեղ հարկ տա»։
Հարցին Փաշինյանն արձագանքեց հետեւյալ կերպ. «Հարց, պատասխան, դատապարտում, քաջալերանք, ամեն ինչ կար ձեր հարցի մեջ, ինձ մնում էր հիանալ ձեր ելույթով։ ՊԵԿ–ը պարզաբանում տվել է, ասել է, որ այդպիսի բան չկա։ Չի կարող մարդը մի տեղ հարկվի, հետո գա Հայաստան հարկվի, հետո բնակավայրի մոտ հարկվի, հետո էլ տնից դուրս գա, հարկվի, նման համակարգ չկա ու չի կարող լինել։ Ի՞նչ բառ է այդ բառը, արժանապատիվ անուն տվեք, հետո նրանց իրավունքները պաշտպանեք։ Այդպիսի նախագիծ եւ հայեցակարգ չկա, իսկ ընդհանրապես մենք ասել ենք՝ ուղիղ ժողովրդավարական կառավարություն ենք, չի կարող հարկային բեռի ավելացում լինել՝ առանց ժողովրդի քաջալերանքի»։
Նշենք, որ նախօրեին մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ՊԵԿ-ը ներկայացրել է մի հայեցակարգ, որով առաջարկվում է մտցնել համընդհանուր հայտարարագրման համակարգ եւ 23 տոկոս եկամտային հարկով հարկել խոպանից ուղարկված գումարները, նաեւ հողից եկամուտ ստացող բոլոր գյուղացիներին: ՊԵԿ–ը հերքել է մամուլի այդ տեղեկությունները։