Դատապարտում ենք նման գործարքները, դրանք ուղղված ընդդեմ Հայաստանի. Փաշինյանը Բելառուսի կողմից Բաքվին զենք վաճառելու մասին
Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» հրթիռների վաճառքը տեղի էր ունեցել դեռ ամիսներ առաջ, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դեռ Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովն էր։ Անկախ դրանից՝ հայկական կողմը դատապարտում է այդպիսի գործարքները։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։
«Մենք դատապարտում ենք նման գործարքները, համարում ենք այդ գործարքներն ուղղված ընդդեմ Հայաստանի ազգային շահերի, և մենք կարծում ենք, որ նման գործարքները խաթարում են ՀԱՊԿ կազմակերպության բովանդակությունը», – ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա պարզաբանեց, որ այս փուլում հայկական կողմի անելիքն է ՀԱՊԿ անդամներից յուրաքանչյուրին հասկացնելը, թե նա ինչ պարտավորություն ունի դաշնակիցների ու կազմակերպության նկատմամբ։ Հայաստանը, ըստ Փաշինյանի, այդ պարտավորությունները կատարում է, սակայն նույնը չի կարելի ասել մի շարք դաշնակիցների մասին։