Սոցիալական վիճակի և տնտեսական փոփոխությունը Փաշինյանը պատկերացնում է այն բանաձևով, ինչով որ եղավ հեղափոխությունը
Սոցիալական վիճակի եւ տնտեսական փոփոխությունը ես պատկերացնում եմ այն բանաձեւով, ինչով որ եղավ հեղափոխությունը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն, չկա այդպիսի մի հարց, որ կառավարությունը կամ վարչապետն առանձին պետք է լուծի, բոլոր հարցերը պետք է լուծենք միասին։ Հանրության հետ երկխոսությունը չենք դադարեցրել եւ շարունակելու ենք։ Սոցիալական վիճակի փոփոխությունը մենք պատկերացնում ենք հետեւյալ կերպ՝ աշխատանքի խրախուսման եւ հնարավորությունների ստեղծման շրջանակներում»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ կարեւորագույն փոփոխություններից մեկն այն է, որ անհատ տաքսու վարորդներից ամսական վճարը չի գանձվում, իսկ սոցիալապես անապահովների համար գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները նվազել են. «Պետական մի շարք հիմնարկներում տեղի են ունենում աշխատտավարձերի բարձրացումներ։ Առհասարակ երջանկության կոմպոնենտներից մեկն այն է, որ մարդն աշխատում է, պատշաճ վարձատրվում է եւ հաճույք է ստանում իր աշխատանքից, չաշխատող մարդը երջանիկ զգալ իրեն չի կարող, ինչքան էլ սոցիալական աջակցություն ստանա»։