Մարությանը Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ քննարկել է աղբահանությանն առնչվող հարցեր
Քաղաքապետ Հայկ Մարությանը ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված աղբահանության, աղբի վերամշակման, ինչպես նաև քաղաքային տրանսպորտին առնչվող խնդիրները:
Հանդիպումից հետո ստորագրվել է հուշագիր, ինչպես նաև Երևանի քաղաքապետը Վալերի Պեկրեսին շնորհել է ոսկե մեդալ:
Լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանը նշել է, որ Իլ դը Ֆրանս շրջանային խորհդի նախագահի հետ առարկայական երկխոսություն են ունեցել:
«Երբ ես գտնվում էի Ֆրանսիայում, այն ժամանակ խորհրդի նախագահին ասեցի, որ մենք խնդիրներ ունենք տրանսպորտի և աղբահանության հարցում: Նա, միանգամից արձագանքելով իմ այս ասածին, արդեն իր այցելության ժամանակ պատվիրակության մեջ ներառել է այս ոլորտի մասնագետների, որոնք առաջիկայում կուսումնասիրեն խնդիրը և մեզ կներկայացնեն վերլուծություն»,- ասել է Հայկ Մարությանը: