Կարևոր է 90-ականների սխալը չկրկնելը. Ռուստամյան
Առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ԱԺ կգան նոր դեմքեր ու նոր քաղաքական ուժեր: Այս ընտրություններն արտասովոր են թե՛ իրենց սեղմ ժամկետներով, թե՛ այն ժամանակաշրջանով, որում անց են կացվում: Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ, խոսելով արտահերթ ընտրությունների մասին, ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Խնդիրն այն է, որ հստակ չէ, թե ովքեր են և ինչ քայլերով են երկիրն առաջ տանելու: Անորոշությունները շատ են: Ըստ անորոշության՝ սա աննախադեպ ընտրություն է: Անցյալում էլ կտրուկ փոփոխություններ հնարավոր էին, իսկ հիմա կտրուկ փոփոխությունների հնարավորությունների հետ ահռելի աստիճանի անորոշության կա»,- ասաց Ռուստամյանը:
ՀՅԴ ներկայացուցչի համոզմամբ՝ պետք է կարողանալ ճիշտ գնահատել փոփոխությունները:
«Ներկայիս գործընթացը շատ նման է 90-ականներին: 90-ին էլ շատ նոր բան ու նոր անձինք կային: Նոր իշխանությունները եկան և տեղերում նոր մարդկանց նշանակեցին: Իշխանության մեջ հայտնվեցին մարդիկ, որոնք նոր էին սովորում պետական կառավարումը: Այստեղից էլ առաջացան աղետները»,- հիշեցրեց Ռուստամյանը ու նաև զգուշացրեց, թե 90-ականներին Կոմկուսի տոտալիտար համակարգը փոխարինվեց ավտորիտարով: Կարևոր է այդ սխալը չկրկնելը: