Եթե Հանրապետական կուսակցությունը սխալներ ու բացթողումներ չունենար, ապա տեղի չէր ունենա այն, ինչ տեղի ունեցավ. Բաղդասարյան
«Պետք էր կառավարությանը հնարավորություն տալ մեկ տարի աշխատել: Հասարակությունը պետք է գնահատական տար նրա աշխատանքին»,- այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասել է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա ավելացրել է, որ էյֆորիայի ժամանակ չէր կարելի ընտրություն անցկացնել: Խոսելով իրենց կուսակցության սխալների մասին՝ Բաղդասարյաննն ասել է հետևյալը.
«Եթե Հանրապետական կուսակցությունը սխալներ ու բացթողումներ չունենար, ապա տեղի չէր ունենա այն, ինչ տեղի ունեցավ»:
Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ «հեղափոխության դեպքում չի կարող իներցիոն բյուջե լինել, իսկ 2019թ. բյուջեն անգամ իներցիոն չէ, այլ ռեգրեսիվ»:
«Մեծ մտավախություններ կան այն հարցի վերաբերյալ, թե ինչ մասնագետների ռեսուրսներ է նոր կառավարությունը օգտագործելու»,- ասել է նա:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին անդրադառնալով՝ Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե իրենց ռազմավարությունը կառուցողական է լինելու, ու քանի որ քիչ ժամանակ է հատկացվել նախընտրական քարոզարշավի համար, հազիվ թե հանրահավաքներ տեղի ունենան. ավելի շատ ուշադրություն կհատկացվի լրատվամիջոցներին և հրապարակային ելույթներին: