Այս պահի դրությամբ արձակուրդ վերցնելու հարցն է քննարկվում. Արտակ Զեյնալյան
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն արձակուրդ կվերցնի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Զեյնալյանը:
«Այս պահի դրությամբ արձակուրդ վերցնելու հարցն է քննարկվում՝ համադրության մեջ դնելով այն աշխատանքի ծավալի հետ, որն այս պահին կա և անհրաժեշտ է իրականացնել»,-ասաց Զեյնալյանը:
Հարցին՝ արդյո՞ք պաշտոնավարման հետ կապված պայմանավորվածություն կա՝ անկախ ընտրությունների արդյունքից, Զեյնալյանը պատասխանեց.
«Ամեն ինչ կախված է ընտրության արդյունքներից»:
Այս շրջանում, ըստ Զեյնալյանի, բոլորը բոլորին մրցակիցներ են:
«Իսկ «ընդդիմություն» հասկացությունը պիտի փոխի իր բովանդակությունը և ընկալումը: Ընդդիմությունը և թշնամությունը չպետք է լինեն հոմանիշներ: Բոլոր նրանք, ովքեր նույն կուսակցության մեջ չեն, ընդդիմադիր են, նույնիսկ նույն կուսակցության մեջ եղած մարդիկ տարբեր ընտրատարածքներում, ինչ-որ չափով ընդդիմադիր են»,-ասաց նա: