«Նիկոլ վարչապետ» կարգախոսն ամենաանխոհեմ կարգախոսն է. Մենք վարչապետ չենք ընտրում, մենք պառլամենտ ենք ընտրում. փորձագետ
Նախընտրական քարոզչությունը կփոխի քաղաքական ուժերի շանսերի հարաբերակցությունը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական փորձագետ Վիգեն Խաչատրյանը:
«Իմ կարծիքով քարոզչությունը ինչ-որ բաներ կփոխի, քանի որ կա շատ մեծ ընտրազանգված, որը կողմնորշված չէ եւ հիմա իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն, թե ում պետք է ընտրեն: Երկրորդը այն է, որ այս ընտրությունները համաշխարհային չեն լինելու, իրականում հաջորդ ընտրություններին մենք կունենանք նորմալ ընտրություններ եւ կձեւավորվի ներկայացուցչական ԱԺ»,-ասաց նա:
Փորձագետի խոսքով, անընդունելի է քաղաքական ուժերի բարեգործություն իրականացնելը, կամ հեռուստաընկերություն ունենալը. «Պետք է նաեւ բացառել բիզնեսի եւ իշխանության սերտաճումը եւ կարծես թե նոր իշխանությունը չի ցանկանում սրա դեմն առնել, երեւի ժամանակը չի հերիքում, չնայած որ այս մասին հայտարարել է»,-ասաց Խաչատրյանը:
Փորձագետի կարծիքով, կարեւոր է քաղաքական դաշտում ընդդիմության ձեւավորումը, որին հասարակությունը կցանկանար իշխանություն տեսնել, նման ընդդիմություն առայժմ չկա: Նա նշեց, որ միանշանակ չէ, որ ՔՊ-ն 70-80 տոկոս ձայն է հավաքելու, նա իրականում խնդիրներ է ունենալու: «ՔՊ-ն լուրջ պրոբլեմ է ունենալու եւ իր պրոբլեմներն արդեն սկսել են կուսակցության ներսից, ցուցակի հետ կապված դժգոհողներ, հետո խորհրդարանում են դժգոհելու եւ սա նորմալ է»,- ասաց նա: Քաղտեխնոլոգը նշեց որ «Նիկոլ վարչապետ» կարգախոսն ամենաանխոհեմ կարգախոսն է լինելու եւ խոսում է քաղաքական ուժի անկարողության մասին. «Մենք վարչապետ չենք ընտրում, մենք պառլամենտ ենք ընտրում»: