Պաշտպանության նախկին փոխնախարարը առաջադրվել է ՀՀԿ -ի կողմից
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Facebook-ի իր էջում գրառում է արել` տեղեկացնելով, որ Հանրապետական կուսակցության կողմից որոշել է առաջադրվել թիվ 2 ընտրատարածքում:
«Սիրելի հայրենակից,
Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն ու ստեղծված իրավիճակը պահանջում են հետևություններ անել մեր պետության անցյալի, ներկայի ու ապագայի վերաբերյալ: Դա ինձ պարտավորեցնում է շարունակել քաղաքական պայքարը հանուն Հայաստանի և Արցախի:
Ուստի որոշել եմ առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններում, իմ կուսակցության ընտրացուցակով, որպես ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրվել Երևանի Աջափնյակ, Դավիթաշեն, Արաբկիր վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում:
Վճռականությամբ ու եռանդով պատրաստ եմ ընդդիմության շարքերում իմ տասնամյանկների փորձը, գիտելիքը, քաղաքական հմտությունները, արտաքին կապերը անմնացորդ ծառայեցնել առկա բոլոր խնդիրների լուծմանը:
Զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ երբեք չեմ գայթակղվել, ու չեմ փորձել այն ծառայեցնել իմ անձնական կամ այլ շահերին: Ազնվորեն ծառայել եմ, ծառայում եմ, և ծառայելու եմ իմ պետությանն ու ժողովրդին:
Վստահ եմ, որ ընդդիմության շարքերում կարողանալու եմ ազդեցություն գործել և զերծ պահել իշխանություններին սխալ ու վտանգավոր քայլերից, ոչ արդյունավետ գործողություններից՝ տալով այլընտրանքային լուծումներ ու առաջարկություններ:
Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո մանրամասն Ձեր դատին կներկայացնեմ նախկինում կատարած իմ աշխատանքը և առաջիկայի համար նախատեսվող ծրագրերն ու անելիքները:
Ձեր աջակցությամբ ու վստահությամբ պատրաստ եմ շարունակել իմ գործունեությունը՝ ի շահ բոլորիս ապագայի»,- գրել է նա: