Երբ հսկողություն է սահմանվել, գազալցակայաններում սպառումը կրկնապատկվել է, այսինքն՝ նախկինում ստվեր է եղել․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանում կա 380-390 գազալցակայան, որոնց 30 տոկոսը պատկանում է հայտնի մարդկանց։ Իշխանափոխությունից հետո այդ գազալցակայաններում գազի սպառման ծավալը կրկնապատկվել է։ Այս մասին Մարտունիում հանրահավաքի ընթացքում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն՝ երբ նորմալ հսկողություն է սահմանվել, այդտեղ գազի սպառման ծավալները կրկնապատկվել են։ Սա ի՞նչ է նշանակում։ Սա առնվազն հիմք է տալիս կասկածներ ունենալ, որ այդտեղ ժամանակին շատ խոշոր ստվեր է գոյություն ունեցել, և այսօր Պետական եկամուտների կոմիտեն զբաղվում է այդ հարցով, որպեսզի մենք պարզենք»,- հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ ամենը պարզելուց հետո կպարզաբանվի նաև գազի գնի գոյացման հարցը։ Հետո Փաշինյանն անդրադարձավ նաև ջրի խնդիրներին ու ասաց, որ ոչ թե ջուրը պետք է անվճար լինի, այլ պետք է նորմալ օգտագործել այն։
«Մենք Արարատյան դաշտում ունենք հեկտարներով հողատարածքներ, որոնց համար, որոնց տերերը 20 տարի ջրի համար մի կոպեկ չեն վճարել։ Պարզ է, չէ՞՝ դրանք ովքեր են, էդ մարդիկ», – ասաց Փաշինյանը։