Պակիստանի սահմաններն անվտանգ չեն. Իրանի ՆԳ նախարար
Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի-Ֆազլին շեշտել է, որ Պակիստանի սահմաններն անվտանգ չեն, ինչը հանգեցրել է ահաբեկիչների կողմից 14 սահմանապահների առեւանգմանը, փոխանցում է Tasnim-ը:
Լրագրողների հետ զրույցում Ռահմանի-Ֆազլին հայտարարել է, որ ահաբեկիչները, մասնավորապես, Պակիստանի տարածք են փոխադրել առեւանգված 14 սահմանապահներից ավելի քան հինգին:
«Մենք հարցն այնպես ենք լուծում, որ մեր հայրենակիցները, որոնց հանցագործները պատանդ են վերցրել, մեզ մոտ վերադառնան»,- ասել է նա:
Նա շեշտել է, թե Իրանը սպասում է, որ Պակիստանի կառավարությունը երկրին կաջակցի սահմանների անվտանգության ոլորտում համագործակցության հարցում:
Նա նշել է, որ եթե Պակիստանը ինչ-ինչ պատճառներով չի կարող ահաբեկիչների դեմ գործել, Իրանը պատրաստ է Իսլամաբադի թույլտվությամբ գործողություններ անցկացնել Պակիստանի տարածքում, որտեղ գտնվում են ահաբեկիչները:
Հոկտեմբերի 15-ին Պակիստանի տարածքում գործող ահաբեկիչները Իրանի սահմանին Միրջավեխ քաղաքի շրջանում առեւանգել էին Իրանի ԶՈՒ 14 ներկայացուցչի:
Նշվում է, որ Իրանի Զինված ուժերը հարավարեւելյան սահմանին հաճախ են ենթարկվում Աֆղանստանից եւ Պակիստանից ահաբեկչական խմբերի հարձակումներին: