ԱԺ-ում այսօր օրինագծերի «չընդունման» օր է եղել
Խորհրդարանն այսօր նախ՝ քվորում չի ապահովվել, ապա՝ քվեարկություն: Քվեարկող պատգամավորների անհրաժեշտ թվի բացակայության պատճառով մի շարք օրինագծեր չեն ընդունվել:
Նախ՝ քվեարկության է դրվել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Որոշումը չի ընդունվել:
Չեն ընդունվել նաև «ՀՀ ընդերքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը:
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն օրակարգից հանել է իր և Միհրան Հակոբյանի այն առաջարկը, ըստ որի՝ փոփոխություններ և լրացումներ պետք է արվեին «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում: Ֆարմանյանն իր այդ քայլը բացատրել է քաղաքական աջակցություն չունենալով:
Ընդամենը մեկ ձայնի պատճառով չի ընդունվել նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի առաջարկը: Նա ևս առաջարկել էր փոփոխություններ և լրացումներ կատարել «Գովազդի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում:
Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծ էր ներկայացրել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Մարուքյանն առաջարկում էր նախնական կալանքի 1 օրը հաշվակցել որպես ազատազրկման ձևով նշանակվող պատիժների 1.5 օր, ինչպես նաև մինչև 2004թ. օրենքին տալ հետադարձ ուժ։
Կառավարությունն այս առաջարկին բացասական եզրակացություն էր տվել: Իսկ խորհրդարանում օրինագիծը չընդունվեց պատգամավորների՝ անհրաժեշտ քանակությամբ ձայների բացակայության պատճառով: