Ի տարբերություն շատ կուսակցությունների, մենք կուսակցամոլությամբ չենք տառապում. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք տրամաբանական է, որ ինքը ներառված չէ ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին հնգյակում, իսկ Դավիթ Շահնազարյանը, չլինելով կուսակցական, ցուցակի 3-րդ տեղում է:
«Այո, տրամաբանական է, որովհետև, ի տարբերություն շատ կուսակցությունների, մենք կուսակցամոլությամբ չենք տառապում: Ես անձամբ շատ գոհ եմ, որ Շահնազարյան Դավիթը մեր ցուցակի 3-րդ համարն է: Նա այն անձնավորությունն է, որը 1988-ից սկսած եղել է Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից մեկը, Արցախյան պայքարում ունի ինստիտուցիոնալ լուրջ հիշողություն, մարդ է, որի համար ազգային արժեքները և Ղարաբաղյան հիմնախնդրում հայանպաստ լուծումը գերխնդիր է և շատ կարևոր է Դավիթ Շահնազարյանի խոսքը հասցնել մեր հանրությանը»,-ասաց Շարմազանովը:
Շարմազանովի խոսքով՝ առաջիկայում Դավիթ Շահնազարյանն իր տեսակետը կհայտնի: