Ես իմ ասելիքները Սերժ Սարգսյանի աչքերի մեջ նայելով եմ ասել, ով այն ժամանակ լռել է, այսօր է խոսում, նրանք թող մտածեն. Մարուքյան
Ընդդիմություն կարող է լինել այն քաղաքական ուժը, որին Հայաստանի քաղաքացին տեսնում է որպես ապագա իշխանություն, հետեւաբար այդ ուժը չի կարող լինել Հանրապետականը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։
«ՀՀԿ–ն ասում է՝ միակ ընդդիմությունը կարող է լինել, բայց գոյություն ունի քաղաքագիտություն, որի համաձայն, ընդդիմությունն ապագա իշխանությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ՀՀԿ–ին չի տեսնում որպես ապագա իշխանություն։ ՀՀԿ–ից նոր ենք պրծել կամ պրծնում, չի կարող այդ ուժը հավակնել լինել ապագա իշխանություն»,– ասաց Էդմոն Մարուքյանը։
Նա հայտարարեց, որ իրենք պայքարելու են խորհրդարանում երկրորդ ուժը լինելու համար, քանի որ ակնհայտ է՝ հեղափոխական ուժն ունի դոմինանտ ձայներ ստանալու հնարավորություն։ Մարուքյանի խոսքով, խորհրդարանում հայտնվելուց հետո միայն իրենք իրենց հետագա քայլերի մասին կհայտարարեն. «Ես իմ ասելիքները Սերժ Սարգսյանի աչքերի մեջ նայելով եմ ասել, Սերժ Սարգսյանն որ այստեղ նստած էր, այդ ժամանակ ասել եմ իմ ասելիքը։ Ով այն ժամանակ լռել է, այսօր է խոսում, նրանք թող մտածեն, ես բան չունեմ ասելու»։