ՊԵԿ նախագահը պարզաբանել է Արարատյան մաքսատան հերթերի պատճառը
Կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանել է Արարատյան մաքսատան հերթերի վերաբերյալ լրագրողների հարցին: Անանյանը մի քանի պատճառ է թվարկել, թե ինչու կարող էր նման իրավիճակ ստեղծվել:
«Ամենաառաջինը՝ եկեք համարենք, որ ՊԵԿ համապատասխան ծառայությունը կարելի է շատ ավելի արդյունավետ կազմակերպել: Մենք որոշակի առումով մեր մեղքը վերցնում ենք: Երկրորդը՝ տեխնիկական առումով CO գազի հետ կապված որոշակի հերթեր են գոյանում, դրանք մաքսային ձևակերպումների բաղադրիչ չեն հանդիսանում: Հերթերի գոյանալու պատճառը ոչ մաքսային մարմնի մեղավորությունն է: Եվ երրորդը՝ 2017 թվականի ընթացքում մոտ 27 հազար ավտոմեքենա է ներկրվել Հայաստան: Իսկ այս տարի՝ 10 ամսվա կտրվածքով՝ 45 հազար: Այսինքն՝ մեքենաների հոսքն էլ է բավականին շատ»,- ասաց նա:
Անանյանի խոսքերով՝ 3 պատճառները համադրելու դեպքում կստացվի հարցի պատասխանը: