Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է համագործակցությունը ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցների հետ. Մնացականյան (տեսանյութ)
Նոյեմբերի 14-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեին: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Ողջունելով հյուրին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է համագործակցությունը ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցների հետ: Երկուստեք կարևորվել է ՄԱԿ հատուկ զեկուցողի այցը Հայաստան, ինչը լավ առիթ է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին տեղում ծանոթանալու և հետագա փոխգործակցության շրջանակն ուղենշելու համար:
ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումները՝ ընդգծելով կառավարության հանձնառությունը ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրականացնելու բարեփոխումների համապարփակ օրակարգ՝ ուղղված երկրում օրենքի գերակայության և արդարադատության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռմանը:
Այս գործընթացում զրուցակիցներն ընդգծել են կանանց ու երիտասարդության ներգրավվածության և քաղաքացիական հասարակության հետ երկխոսության կարևորությունը՝ որպես կայուն զարգացման օրակարգի բաղկացուցիչ մաս: