Ե՞րբ է սկսվելու համաներման կիրառումը ՊՊԾ գունդը գրավածների նկատմամբ
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ այսօր դատարան էր եկել ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի կինը՝ Անուշ Խանդոյանը: Նրան դատարանը կանչել էր, որպեսզի պարզեր դիրքորոշումը ՝ շարունակե՞ լ քրեական գործի քննությունը, թե՞ կարճել՝ պայմանավորված Խանդոյանի մահվան հանգամանքով:
Անուշ Խանդոյանն ասաց, որ իր ամուսինն ապստամբ է եղել, ոչ թե ամբաստանյալ: Ինչ վերաբերում է դատաքննությունը շարունակելուն, ապա Անուշ Խանդոյանը համաձայնեց, որպեսզի այն շարունակվի: Դատավոր Մեսրոպ Մակյանը նաև թույլատրեց սանկցիայի ենթարկված Արեգ Կյուրեղյանին և Սմբատ Բարսեղյանին մասնակցել նիստին, որպեսզի նրանք ևս տեղեկանան, թե ինչ գործընթաց է սկսելու դատարանը նոյեմբերի 1-ից հայտարարված համաներման իրականացման համար:
Դատավոր Մակյանը ճշտեց ամբաստանյալների դիրքորոշումը՝ համաներմանը կո՞ ղմ են, թե՞ դեմ: Բոլորը կողմ էին: Նիստը հետաձգվեց երկու շաբաթով, որից հետո դատարանը պետք է ճշտի տուժողների ու 2016 թվականի հուլիսի 17-ից օգոստոսի 1-ը ՊՊԾ գնդում պահված ենթադրյալ պատանդների ու ֆիզիկական վնաս կրած անձանց դիրքորոշումը՝ ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառելու համար:
Ընթացակարգը կարող է լինել թե՛ նրանց դատարան կանչելով, թե՛ գրավոր դիմումներ ուղարկելով: