Պետք է գալ մի ընդհանուր հայտարարի, որը ձեռք է տալու Երևանի բնակիչներին. Մարությանը՝ «կարմիր գծերի» մասին
Պետք է տոտալ կերպով վերանայել մոտեցումները և գալ մի ընդհանուր հայտարարի, որը ձեռք է տալու Երևանի բնակիչներին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` անդրադառնալով «կարմիր գծերին»:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ցուցակում լինելու վերաբերյալ Հայկ Մարությանն ասաց, որ հետո կասի, քանի որ այս պահին որոշում չկա` նշելով՝ ամեն ինչ հնարավոր է: Անդրադառնալով կադրային քաղաքականությանը` նա ասաց. «Մենք հիմա աշխատող սրտի վրա աշխատանքներ ենք տանում, վիրահատում ենք աշխատող սիրտը, սիրտը չի կանգնում, սիրտը մեր քաղաքն է, և պետք է շատ նուրբ գործել»:
Քաղաքապետը նշեց, որ փոփոխությունները լինելու են փուլերով: «Շատ մեծ տնտեսություն է, և եթե մեկ օրում բոլորին փոխես, այստեղ լուրջ խնդիր կունենանք, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր մնացել են իրենց տեղերում, չի նշանակելու, որ չեն փոփոխվելու»,-ասաց նա:
Մասնավորապես Երևանի նախկին փոխքաղաքապետ Կամո Արեյանին խորհրդական նշանակելու մասին Հայկ Մարությանն ասաց. «Այս մարդն ունի ինստիտուցիոնալ հիշողություն և մեծ գիտելիքներ քաղաքի տնտեսության, առավել ևս կոմունալ մասով և այս գաղտնիքներն այսօր ծառայեցնում է ի նպաստ մեր բնակիչներին»:
Ինչ վերաբերում է փողոցային առևտրին, նա ասաց, որ այդ առևտուրը ապօրինի է, այս պահին քաղաքապետարանի քննարկման փուլում է գտնվում: