«Ես անձամբ այն կառաքեմ». Մեքսիկայի նորընտիր նախագահը գնորդ է փնտրում իր օդանավի համար
Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն իր խոստմանը համաձայն վաճառում է նախագահական օդանավն ու դրա համար գնորդ է փնտրում:
Ինչպես նշում է The Guardian-ը, խոսքը Boeing 787-8 Dreamliner օդանավի մասին է:
«Սա պարզապես արագընթաց, ժամանակակից օդանավ չէ: Այն հարմարավետ է, ունի ննջասենյակ, ռեստորան ու շատ ազատ տարածք»,-ասել է հուլիսին կայացած նախագահական ընտրություններում հաղթած նախագահը:
64-ամյա Օբրադորի խոսքով՝ 392 մլն դոլարանոց շքեղ օդանավի փոխարեն ինքը կճամփորդի սովորական առևտրային չվերթներով:
«Դիմում եմ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մարդկանց. եթե ցանկանում եք գնել նախագահական օդանավը, ապա ես անձամբ այն կառաքեմ ձեզ: Դուք կկարողանաք ոչ սովորական, նախագահական ինքնաթիռով ճանապարհորդել»,-ասել է նախագահը, որի երդմնակալության արարողությունը կայանալու է դեկտեմբերի 1-ին:
Նա նշել է, որ օդանավի վաճառքից ստացված գումարը ծառայելու է ժողովրդի բարօրությանը: