Իրանը ՌԴ–ից շուրջ 10 դոլարով ավելի թանկ գազ է առաջարկում. նախարարի պաշտոնակատար
Իրանն ավելի թանկ գնով է գազ առաջարկում Հայաստանին, քան Ռուսաստանը. այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
«Կոնկրետ ես չեմ բանակցել, բայց նախորդ նախարարների ժամանակ բանակցություն է եղել, և շուրջ 10 դոլարով ավելի թանկ է եղել, քան ռուսականը»-վստահեցրեց նա:
Նախարարը շեշտեց, որ իրանական գազը դիտարկում են երկրորդ սնուցման համատեքստում:
«Մենք այսօր ունենք երկկողմանի գազի մատակարարում, և երբ վթար է լինում ռուսական գազատարի վրա, մենք իրանական կողմից, համաձայն պայմանավորվածության՝ մեծացնում ենք ծավալները: Բայց այսօր գումարային գործարք չկա, քանի որ իրանական կողմից երբևիցե չենք ստացել տնտեսապես ավելի հիմնավոր ու էժան առաջարկ»,-ասաց նա: