Ես զգուշացրել էի, որ այսուհետ ապօրին շինարարություն չի լինելու, և մարդիկ դրան լուրջ չէին վերաբերվում. Մարության (տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երեկ Նոր Նորքում տեղի ունեցած քանդման աշխատանքներին: Նրա խոսքով՝ երեկվա շինությունը միակը չէր, որտեղ իրականացվել են քանդման աշխատանքներ, պարզապես երեկվանը հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում:
«Այս գործընթացը տեղի է ունենում ամբողջ քաղաքում, տեղի է ունեցել երեկ, տեղի կունենա և վաղը, մի խոսքով՝ այս գործընթացը շարունակական է»,-ասաց Հայկ Մարությանը:
Հայկ Մարությանը հայտարարեց, թե մեկ անգամ արդեն զգուշացրել էր, որ այսուհետ ապօրինի շինարարություններ չեն լինելու, ինչին մարդիկ լուրջ չեն վերաբերվել: Թե քանի շինություն կքանդվի, քաղաքապետը դժվարացավ ասել, սակայն ընդգծեց, որ այդ գործընթացն անընդհատ տեղի է ունենալու:
«Եթե այս պահին սկսեն ապօրինի շինություններ կառուցել, ապա տեղի է ունենալու նույն բանը: Մեզ մոտ այս պահին աշխատում է շատ լավ մեխանիզմ՝ օրինական շինություններին նպաստելու համար, թող գան, դիմեն, և եթե նրանց նախագիծը համապատասխանում է սահմանված նորմին, ապա հանգիստ կարող են իրականացնել իրենց շինարարությունը»,-ասաց Հայկ Մարությանը: