Ավագանու անդամներից 3-ը հրաժարվել են մանդատից
Համաձայն Հաշվիչ հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկանքի՝ 2018 թվականի նոյեմբերի 13-ին Երևանի ավագանու առաջին նստաշրջանի երկրորդ նիստի աշխատանքներին մասնակցում է ավագանու 48 անդամ: Քվորում կա: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նիստը հայտարարեց բացված: Այսօրվա օրակարգում կա 10 հարց: Բայց մինչ օրակարգին անցնելը նա հայտարարություն ուներ:
««Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամներ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը և Գևորգ Բաբայանը ներկայացրել են դիմումներ՝ Երևանի ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին»,- ասաց Մարությանը:
Քաղաքապետը տեղեկացրեց, որ ԿԸՀ արձանագրությունների համաձայն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամների մանդատները տրվել են ցուցակի հաջորդող թեկնածուներին՝ Լուսինե Գևորգյանին, Արմեն Սարգսյանին և Լիլիթ Կիրակոսյանին: