ՀՀԿ- ն մի շարք հարցերում կրկնեց իշխանական կուսակցություններին բնորոշ սխալները. նախարարի տեղակալ
Հայաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Facebook- ի իր էջում, անդրադառնալով ՀՀԿ խորհրդի հայտարարությանը, գրել է.
«Այդուհանդերձ, կրելով պատասխանատվության և դժվարին բարեփոխումների բեռը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, հանդես գալով որպես իշխող ուժ, մի շարք հարցերում կրկնեց իշխանական կուսակցություններին բնորոշ սխալներն ու բացթողումները»,- գրված է ՀՀԿ խորհրդի՝ երեկ հրապարակած հայտարարության մեջ։
Այսինքն՝ այս մարդկանց համար ընտրություն կեղծելը, ընտրակաշառք բաժանելը, մարդկանց ապօրինի ազատազրկելը, մարդասպաններին չդատելն ու ազատ արձակելը, զինվորից գողանալը, մամուլի վրա ճնշումներ գործադրելը, «Մարտի 1» անելը, պետական համակարգը կոռուպցիայի մեջ թաղելը, համակարգային կաշառակերություն խրախուսելը պարզապես «սխալներ ու բացթողումներ» են։ Տենց, իմիջիայլոց՝ սխալ ա, արել ենք, էլի։
Ուղղակի ապշած եմ այս մարդկանց՝ իրականությանն առերեսվելու խրոնիկ անկարողությամբ»։
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 11-ին, «Հայաստանի Հանրապետական» կուսակցության խորհուրդը քննարկել է քաղաքական հայտարարության նախագիծ:
Ինչպես տեղեկացնում են կուսակցության լրատվական ծառայությունից, խորհրդի նիստում ընդհանուր հավանության է արժանացել ներկայացված փաստաթուղթը, որը հրապարակվել է կուսակցության կայքէջում:
Հայտարարության մեջ ասված է, որ որոշվել է մեկ շաբաթ ժամանակ տրամադրել խորհրդի անդամներին՝ լրացուցիչ առաջարկություններ ներկայացնելու համար: Ներկայացված առաջարկությունները քննարկման կդրվեն կուսակցության գործադիր մարմնի նիստում:
ՀՀԿ գործադիր մարմինն առաջարկությունների քննարկման հիման վրա կհաստատի հայտարարության վերջնական տեքստը: