Երևանում բուքմեյքերական գրասենյակների գործունեության արգելման արդյունքում 800-1500 աշխատատեղ կփակվի. Ալեն Սիմոնյան
«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Հարությունյանը նախագծի հեղինակ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ունե՞ն հաշվարկ՝ Երևանում բուքմեյքերական գրասենյակների գործունեության արգելման արդյունքում քանի աշխատատեղ կփակվի:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ թիվը տատանվում է՝ կախված սպորտային իրադարձությունից՝ աշխարհի խաղեր, եվրոպական խաղեր և այլն: Ըստ նրա՝ 800-1500-ի մեջ է թիվը տատանվում: Բացի այդ, ըստ նրա, ՀՀ-ում խաղում է 60-62.000 մարդ, որից 2000-ը համարվում է խաղամոլ, խոցելի է:
«Կարծում եմ, որ հավաքարարը, լավ ՏՏ մասնագետն իրեն, այդուհանդերձ, աշխատանք կգտնի, բայց այն մարդը, որ կործանվում է, դժվար»,-ասաց նա: Վահան Հարությունյանը նշեց, թե դա բավական մեծ աշխատատեղեր են: «Կտրուկ փակել ամեն ինչ, այս մոտեցումն այդքան էլ չեմ կիսում: Ի վերջո, աշխատատեղերի խնդիր կա»,-ասաց նա: