Հարկային դաշտի պարզեցումը կնպաստի տնտեսության զարգացմանը. գործարարները՝ Փաշինյանին
Ներդրումային միջավայրի բարելավման, հարկային բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացման, տեղական արտադրողի շահերի պաշտպանության եւ այլ հարցեր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քննարկել է Հայաստանի խոշոր գործատուների և խոշոր հարկ վճարող ընկերությունների ղեկավարների հետ։
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային ընթրիքի ժամանակ գործարարները ողջունել են կառավարության տնտեսական քաղաքականությունը, մասնավորապես, Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, այդ թվում՝ եկամտահարկի նվազեցման ուղղությամբ:
Նրանք ընդգծել են, որ հարկային դաշտի պարզեցմամբ՝ կարևոր լուծումներ են տրվում բիզնեսի տարբեր խնդիրներին, ինչը դրական ազդեցություն կունենա երկրում տնտեսության զարգացման և ներդրումային ծրագրերի իրականացման վրա:
Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է բիզնես հանրության հետ ակտիվ երկխոսությունն ու փոխգործակցությունը և հավելել, որ կառավարության քայլերն ուղղված են աշխատանքը և նոր արդյունք ստեղծելը խրախուսելուն, հնարավորություններն առավել հանրամատչելի դարձնելուն: