Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը այցելել է Ախալցխա
Հոկտեմբերի 19-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության անձնակազմն այցելեցին Ախալցխա։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։
Ռուբեն Սադոյանը նախ՝ եղավ Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնում, ապա՝ Ախալցխայի թիվ 3 դպրոցում, որտեղ ծաղիկներ խոնարհեց և հարգանքի տուրք մատուցեց հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված աղբյուր-հուշարձանի մոտ (2005 թ-ին Ախալցխա կատարած այցելության ընթացքում Շառլ Ազնավուրն իր ստորագրությունն է թողել այդ հուշարձանի վրա)։
Այնուհետև, դեսպանը «Վահրամ Գայֆեճյանի» անվան ստեղծագործողների միությունում մասնակցեց Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին նաև Վիրահայոց թեմի առաջնորդը, հոգևոր հայրեր, Շառլ Ազնավուրի բարեկամներ, մի շարք ախալցխացիներ։
Դեսպան Սադոյանը իր խոսքում առանձնացրեց, որ Ախալցխան, ի դեմս Շառլ Ազնավուրի, տվել է մի շարք հռչակավոր անուններ։
Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և խոստացավ, որ հաճախ կայցելի Ախալցխա։